Եգիպտոսի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահա էլ-Դեսուկիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ եգիպտացի դիվանագետին կհաջողվի ծավալել բեղմնավոր գործունեություն՝ խորացնելու ու բազմազանեցնելու երկկողմ օրակարգն ու կապերը, որոնք խարսխվում են հնագույն ժամանակներից սկիզբ առած պատմամշակութային առնչությունների վրա:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, կառավարությունների միջև համագործակցության խորացման, միջազգային կառույցներում փոխգործակցությունն ընդլայնելու, առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու անհրաժեշտությանը:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հիմնահարցերի վերաբերյալ՝ կարևորելով հակամարտությունների կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման պահպանումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Եգիպտոսի նորանշանակ դեսպանը հավաստիացրել է, որ ջանքեր կգործադրի երկու երկրների միջև առկա հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար: