Թերացումների դեպքում կպատժվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց ղեկավարները.Օսիպյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանդիպել է դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուներին ու նախընտրական շտաբների ղեկավարներին:

Ոստիկանության պետը նշել է, որ ոստիկանությունը սկսել է ուժեղացված ծառայություն և ողջ ծավալով պատրաստ է ընտրություններին: Սակայն դրա հետ մեկտեղ Վալերիյ Օսիպյանը հույս է հայտնել, որ միասնական աշխատանքի շնորհիվ էլ ավելի հեշտ կհասնենք ցանկալի արդյունքի, և կոչ արել ներկաներին համագործակցել ոստիկանության հետ, ցանկացած իրավախախտման ականատես լինելիս՝ դիմել ոստիկանություն:

Խոսվել է ոստիկանության պատրաստած թռուցիկների մասին, որոնք կանխարգելիչ նշանակություն ունեն՝ հիշեցնում են ընտրությունների հետ կապված օրենքով արգելված գործողությունները։ 

Թեկնածուներն ու շտաբների ղեկավարները հարցեր են ուղղել Վալերիյ Օսիպյանին, որոնք հիմնականում վերաբերում էին նախընտրական շրջանի գործընթացներին ու նաև բուն ընտրության օրը ոստիկանության ծառայությանը:

Նույն օրը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու ենթակա բաժինների անձնակազմի հետ:

Վալերիյ Օսիպյանը ներկայացրել է ոստիկանության առջև դրված պահանջները. կանխել ու բացահայտել ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, բացառել ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։ 

Ոստիկանության պետը տեղեկացրել է, որ թերացումների դեպքում կպատժվեն ոչ միայն թերացող ծառայողները, այլև նրանց անմիջական ղեկավարները։ 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայության ու մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի հետ կապված հարցեր: