Մանե Թանդիլյանի որոշումներն էքսցենտրիկ են․ տուն-ինտերնատի աշխատակից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի 195 խնամյալ տարեց և 135 աշխատակից ստորագրահավաքով դիմել են վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ տուն-ինտերնատի նախկին տնօրենին իր պաշտոնում վերականգնելու պահանջով։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց տուն-ինտերնատի ծրագրի ղեկավար Արամ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 5-ին աշխատանքից ազատել է Չորրորդ գյուղում գտնվող թիվ մեկ տուն-ինտերնատի տնօրեն Վահան Զուրաբյանին՝ նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հիմնավորմամբ։

Տուն-ինտերնատի խնամյալներն ու աշխատակիցները դիմել են Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով վերանայել աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի որոշումը։ Տուն-ինտերնատի աշխատակցի խոսքով՝ Թանդիլյանն այսդ ստորագրահավաքը պարտադրված քայլ է որակել ու կառավարությունից իրեն վերահասցեագրված նամակն ուղարկել է գլխավոր դատախազություն:

«Որևէ պարտադրանք չի եղել, տարեցներն ու աշխատակիցներն իրենք են նախաձեռնել այդ ստորագրահավաքը՝ մեկ տարվա ընթացքում տեսնելով աշխատանքից ազատված տնօրենի կատարած բարեփոխումները։ Թանդիլյանի որոշումները շատ էքսցենտրիկ են, չեմ կարող ասել, թե ինչու է նրա մոտ այդ կարծիքը ձևավորվել»,- ասաց Արամ Խաչատրյանը։

Դիտարկմանը, թե այդ բարեփոփոխումներին ծանոթ չի եղե՞լ Մանե Թանդիլյանը, տուն-ինտերնատի ծրագրի ղեկավարն արձագանքեց․

«Որպես նախարար, պարտավոր էր ծանոթ լինել, գոնե մեկ անգամ կարող էր հարցնել՝ ինչ է եղել, ստորագրությունները տեսնելուց հետո կարող էր ենթադրել՝ միգուցե մի բան այն չէ, գնամ, հարցնեմ, բայց նա երբեք չի այցելել ծերանոց»։

Իրեն պաշտոնանկ անելու մասին նախարարի որոշումը Վահան Զուրաբյանը որակում է անձնական բնույթի և վիճարկում է դատարանում: