ԱԺ տարածքից բերման է ենթարկվել 15 անձ. կա մեկ ձերբակալված

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ԱԺ առջև տեղի ունեցածի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել:

«Մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, դեկտեմբերի 28-ին առերևույթ ՀՀ Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և անտեսելով հասարակական համակեցության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ընդգծված արհամարհական պահվածք՝ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ, նախապես իրենց հետ բերելով և Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում կայանելով հավկիթներով լցված ավտոմեքենա, իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։

Ոստիկանությունը վերստին նախազգուշացնում է, որ ՀՀ Սահմանադրության 44-րդ հոդվածով ամրագրված՝ հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունքը բացարձակ իրավունք չէ, և բոլոր այն դեպքերում, երբ այդ իրավունքի իրացումը դրսևորվում է հանցակազմի հատկանիշներ պարունակող արարքների միջոցով, ապա յուրաքանչյուր նման դեպքում ոստիկանության արձագանքը կլինի համարժեք»,- հայտնում են ոստիկանությունից:

--00--ԱԹ