ՀՖՖ-ն ստեղծում է գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28,  24News

ՀՖՖ

ՀՖՖ 20-րդ ժողովի ընթացքում քվեարկության դրվեց գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության հիմնադրամի հիմնադրումը, որն ընդունվեց ժողովի մասնակիցների միաձայն քվեարկությամբ: Այս մասին գրել է Armsport.am-ը։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում կարևորեց նման հիմնադրամի առկայությունը. «Ես այս մասին խոսել եմ նախորդ տարի: Կարևորել եմ նման հիմնադրամի կազմակերպումը: Սա նախատիպ է այն կազմակերպություների, որոնք կան այլ երկրներում, և լինում են պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաներին նման: Հավաքագրում են գումարներ և իրենց իսկ որոշմամբ այդ գումարները ծախսում են գործող կամ վետերան ֆուտբոլիստների աջակցության համար: Դա կարող է լինել բազմապիսի բաներ՝ առողջական խնդիրներից մինչև աջակցության արտոնագրեր ստանալը: Այստեղ ընդգրկել ենք տարբեր սերունդների՝ տարբեր մարդկանց»։

ՀՖՖ-ն հիմնադրամի նախագահի պաշտոնում առաջարկում է Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Արամայիս Տոնոյանին: Հոգաբարձուների խորհրդի կազմում կլինի մեկ կին ֆուտբոլիստ և ֆուտբոլիստներ, որոնք տարբեր ժամանակներում խաղացել են պրոֆեսիոնալ ակումբներում և իրենց դերակատարությունն են ունեցել հայկական ֆուտբոլում: Խորհրդի կազմում կընդգրկվի նաև գործող ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը, ով ՀՖՖ նախագահի խոսքերով հիմնադրամի ստեղծման առաջարկն ընդունել է մեծ խանդավառությամբ:

Հիմնադրամի կանոնադրությամբ՝ այն լինելու է անկախ մարմին, այսինքն գումարների ծախսն ինքը՝ հիմնադրամն է տնօրինելու։

ՀՖՖ նախագահի խոսքով եթե հիմնադրամի գումարները չբավականացնեն, ՀՖՖ-ն կքննարկի այս կամ այն դեպքում իր կողմից տրամադրվող աջակցության հարցը.

«ՀՖՖ-ն տարբեր դեպքերում իրականացնում է սոցիալական ծրագրեր՝ կապված վետերան ֆուտբոլիստների հետ: Ոչ բոլոր դեպքերում է իհարկե հնարավոր բավարարել: Ծայրահեղ դեպքերում ՀՖՖ-ն միջոցներ հատկացրել է: Նախատեսվում է գնալ արհմիության ճանապարհով, քանի որ կլինեն մարդիկ, ովքեր հիմնադրամին նվիրատվություն կանեն և անհրաժեշտության դեպքում, եթե գումարները չբավականացնեն, ՀՖՖ-ն կքննարկի այս կամ այն դեպքում տրամադրվող աջակցության հարցը: Եղել են դեպքեր, երբ մեր վետերան ֆուտբոլիստներն առողջական խնդիրներ են ունեցել և ՀՖՖ-ն փորձել է վճարել վիրահատությունների գումարը: Հիմնական ճանապարհը լինելու են նվիրատվությունները: Այսինքն՝ գործող ֆուտբոլիստները կարող են կամավոր գումար հատկացնել՝ ինչքան կցանկանան, և այդ գումարը կծախսվի միայն գործող և վետերան ֆուտբոլիստների աջակցության համար»,-նշեց Արմեն Մելիքբեկյանը:

 --00—ՄՀ