Արցախի նախագահից սկսած՝ ֆեյսբուքյան էջերը բոլորը փակվելու են․ Վիտալի Բալասանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Վիտալի Բալասանյան

Ովքեր ալկոհոլ կամ թմրամիջոց են օգտագործում, տեղ չունեն Արցախում։ Քրեական գործեր կհարուցվեն։ Այս մասին Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը և հավելել, որ խաղաղապահներից մեկը, ով ալկոհոլ է օգտագործել, ուղարկվել է Ռուսաստան։

Անդրադառնալով աղանդավորական գրասենյակների գործունեությանը, Վիտալի Բալասանյանը նրանց րոպե առաջ հորդորել է հեռանալ Արցախից․

«Աղանդավորական բոլոր գրասենյակներին կոչ եմ անում րոպե առաջ փակել դրանք ու հեռանալ, մենք նրանց գործունեությունն Արցախում թույլ չենք տալու։ Մենք Հայ Առաքելական եկեղեցու հետնորդներն ենք, այլ շարժումներ այստեղ չեն լինելու։ Արցախի տարածքը սրբավայր է»։

 ԱԽ քարտուղարը տեղեկացնում է, որ առաջիկա օրակարգային հարցերից մեկը վերաբերելու է ֆեյսբուքյան հարթակին․

«Աշխատանքային ժամերին բոլորին հետևելու ենք։ Այն պետական պաշտոնյաները, որոնք սոցցանցերում աշխատանքային ժամերին գրառում կկատարեն, րոպե առաջ կգնան տուն։ Արցախի նախագահից սկսած՝ ֆեյսբուքյան էջերը բոլորը փակվելու են»,- նշել է նա։

--00--ԱՀ