Ի՞նչ գիտեր գործադիրը, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու. հետևությունները ցավալի են

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 5, 24News

Thumbnail

Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

«Լսեցի նոր ձայնագրությունը։ Փաստորեն, Վարչապետը նույնպես տեղյակ էր ԱԱԾ պետի և դատավորի կոմունիկացիային (1։05-1։30)։ Վարչապետն լայվով ընդունել է այդ փաստը՝ հավելելով, որ ԱԱԾ պետին հանձնարարել է ապահովել դատավորի անվտանգությունը։

Խոսակցության այդ հատվածը, Վարչապետի պնդմամբ, հանվել է հրապարակված ձայնագրությունից։ Բայց որևէ բացատրություն չներկայացվեց, ըստ իս, ավելի կարևոր հատվածի մասին։ 2։25-2։32 վայրկյանները։ Երկրորդ հեռախոսազրույցի ընթացքում Վարչապետը հարցնում է ԱԱԾ պետին՝ ի՞նչ նորություն կա Քոչարյանի վերաբերյալ։

Պատասխանը՝ բառացի.

«Քոչարյանի հետ կապված՝ դատարանում լսում են, հեսա կտան բանը [էլ ի՞նչը՝ բացի կալանքից։ Քոչարյանը հեսա կըլնի»։

Ի՞նչ գիտեր գործադիրը, թե դատարանն ինչ որոշում է կայացնելու։ Հետևությունները ցավալի են։ Շուտով, երբ ՀՀ քաղաքացիների 70-80%-ը վստահության քվե տա իշխող ուժին, մարդու իրավունքները, իրավական մշակույթը հայտնվելու են «ուղիղ նշանառության տակ»։

Ո՞վ է կանգնելու դրանց պաշտպանության դիրքերում։ Ո՞վ էր իրավական մշակույթի իսկական կրող և ո՞վ՝ ընդամենը շահագործող»։