Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն մինչ օրս ընդունել է COVID19-ով վարակված 12 հազար պացիենտի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

կովիդ 19

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն ամփոփել է տարին: Ֆեյսբուքյան էջի գրառումը՝ ստորև.

«2020 թվական․ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն ընդդեմ համավարակի և պատերազմի

2020 թվականին սկիզբ առած hամավարակը ստացավ «աներևույթ թշնամի» բնութագրումը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը, լինելով Հայաստանում ամենամեծ բուժհաստատությունը, վերապրոֆիլավորվեց ինֆեկցիոն հիվանդանոցի և 9 ամիս շարունակ պայքարում է Նոր կորոնավիրուսով հիվանդների կյանքերի համար: Այս ամիսներին բուժկենտրոնում է կենտրոնացել ողջ հանրապետության ծայրահեղ ծանր պացիենտների, հղիների, հեմոդիալիզի կարիք ունեցողների բուժօգնության ցուցաբերումը:

Բժշկական կենտրոնը մինչ օրս ընդունել է ավելի քան 12 000 պացիենտ (57 %-ը ծանր և ծայրահեղ ծանր), այդ թվում՝ 926 հղիի, 500 երեխայի, 521 հեմոդիալիզի կարիք ունեցողի:

Պատերազմ. COVID-19-ի երկրորդ ալիք

Նաև սեպտեմբերի վերջին սկսված արցախյան պատերազմի արդյունքում COVID-19 պացիենտների թիվը կտրուկ աճեց: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում շուրջ երեք ամիս նոր կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիական անձանց զուգահեռ, բուժում էին ստանում նաև COVID-19 դրական, համակցված և կոմբինացված վնասվածքներով զինծառայողները: Ռազմական գործողությունների իրականացման թեժ կետերում անմիջական մասնագիտական ներգրավվածություն են ունեցել բուժկենտրոնի շուրջ 40 բուժաշխատողներ: Պատերազմի առաջին օրերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ծավալված հոսպիտալում մեր բուժկենտրոնից գործուղված բժիշկների, միջին և կրտսեր բուժաշխատողների խմբի ջանքերով բազում կյանքեր փրկվեցին: Այժմ էլ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնում շարունակում են բուժվել նոր կորոնավիրուսով պացիենտներ, բուժկենտրոնն իր անխափան աշխատանքը կիրականացնի նաև տոնական օրերին։

--00—ԼՄ