Քաղաքապետի տեղակալը ծանոթացել է հանրակրթական դպրոցների զարգացման ծրագրերին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացել է մայրաքաղաքի մի քանի հանրակրթական դպրոցների զարգացման ծրագրերին: Ընդգծելով կրթօջախների զարգացումն ապահովող ծրագրերի կարևորությունը՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ դրանք պետք է լինեն իրատեսական ու իրագործելի:

«Մենք պետք է խիստ հետևողական լինենք, որպեսզի այն զարգացման ծրագրերը, որոնք ներկայացնում են դպրոցի տնօրենները մրցույթի ժամանակ, հստակ կարողանան իրագործել տարիների ընթացքում, իրենց նախանշած ժամկետներում»,- նշել է Տիգրան Վիրաբյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալը դպրոցի զարգացման ծրագիրն ընդունում է որպես տնօրենի աշխատանքի հիմնական ցուցիչ ու միևնույն ժամանակ նկատում՝ շատ են դեպքերը, երբ ծրագրերն այդպես էլ թղթի վրա են մնում:   

«Տնօրենը պետք է հաշվարկի բոլոր ռիսկերը, իր հնարավորությունները, ներուժը, այնուհետ նոր կարողանա մոտենալ հանձնաժողովին և ներկայացնել իր զարգացման ծրագիրը: Ցավոք սրտի, ունենում ենք ծրագրեր, որոնք զուտ գեղեցիկ ծրագրեր են: Առաջին ընթերցումից ստանում են հավանություն և հետո չեն իրագործվում դպրոցներում»,- ասել է փոխքաղաքապետը:

Զարգացման ծրագրերի վերաբերյալ Տիգրան Վիրաբյանը ներկայացրել է իր դիտարկումներն ու նշել այն հիմնական պահանջները, որոնք անհրաժեշտ են՝ իրատեսական զարգացման ծրագրեր կազմելու համար: Քաղաքապետի տեղակալն առանձնակի կարևորել է նաև մայրաքաղաքի կրթօջախներում ներառական կրթության համար լիարժեք պայմանների ապահովումն ու նշել, որ համընդհանուր ներառման գործընթացը պետք է իրականացվի բոլոր դպրոցներում:

Առաջիկայում նույն սկզբունքով կքննարկվեն նաև քաղաքապետարանի ենթակայության մյուս դպրոցների զարգացման ծրագրերը: