14 մարդ թունավորման ախտանիշերով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 5,  24News

հիվանդանոց

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջեւան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

Նախորդիվ Ջուջեւան, Կոթի, Բաղանիս, Ոսկեւան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում է ստանալ բուժօգնություն։

ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից ԱԱՏՄ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրանց օգտագործած ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։
ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել ջրի անվտանգության ապահովման ուղղությամբ։ Ըստ այդմ, ԱԱՏՄ Իջեւանի բաժնի պետ-տեսուչ Վիլյամ Օհանյանի գլխավորությամբ, դադարեցվել է այն աղբյուրի ջրամատակարարումը, որից օգտվել են առողջական գանգատներով հիվանդանոց դիմած քաղաքացիները, եւ որից ջուր է մատակարարվում Ջուջեւան համայնքի շուրջ 60 ընտանիքի։

Բացահայտվել է աղբյուրի հավանական աղտոտման վայրը եւ աղտոտման պատճառը, ինչի վերացման ուղղությամբ հրատապ աշխատանքներ են տարվում Նոյեմբերյանի համայնքապետարանի կողմից։ Վերջինից ԱԱՏՄ-ն տեղեկացել է, որ ձեռնարկվող քայլերի շրջանակում փոխվում են ջրահեռացման խողովակները եւ վերացվում է ջրի աղտոտման հնարավոր պատճառը։ Հաջորդիվ կտարվեն մանրէազերծման աշխատանքներ, կարվի ջրի կրկնակի նմուշառում։

ԱԱՏՄ-ն հետեւում է տարվող աշխատանքների ընթացքին և միայն ջրի որակին ներկայացվող պահանջներից շեղումները վերացնելու դեպքում կտա ջրամատակարարումը վերականգնելու թույլտվություն։

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման քայլերը ԱԱՏՄ-ն օպերատիվ կերպով իրականացնում է նաեւ ոչ աշխատանքային օրերին։

--00--ԱՀ