69,4 %-ը՝ «Իմ քայլը» դաշինք, 5,7 %` ԲՀԿ, 3,8 %` ԼՀԿ. GALLUP-ի հարցումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«Հայաստանում անցկացված վերջին հարցումների համաձայն՝ ընտրողների 75,7 %-ը միանշանակ մասնակցելու է դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, 14.6 %-ը ավելի շուտ մասնակցելու է, իսկ հաստատ չի մասնակցելու հարցվածների 5,7 %-ը»: Հարցման արդյունքները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ըստ հարցման արդյունքների՝ ընտրությունների մասնակցել պատրաստվող քաղաքացիների 69,4 տոկոսն իր ձայնը տալու է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին, 5,7 տոկոսը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 3,8 տոկոսը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը։

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությանն իր ձայնը կտա հարցվածների 1,4 %-ը, ՀՀԿ-ին` 1.3 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 1,2 %-ը, «Մենք»-ին` 0,8 %-ը, «Օրինաց Երկիր» կուսակցությանը` 0,4 %-ը, «Քաղաքացու Որոշում» Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությանը՝ 0,3%-ը, «Ազգային Առաջընթաց» կուսակցությանը՝ 0,1%, Քրիստոնեա-դեմոկրատական վերածնունդ կուսակցության անունը հարցվածներից որևէ մեկը չի տվել: 

Հարցումներն անցկացվել են դեմ առ դեմ սկզբունքով` 1100 հոգու միջև, դեկտեմբերի 1-4-ն ընկած ժամանակահատվածում։ 

Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր վարչական շրջաններում: