Գործադիրը թույլատրեց ներմուծել աջ ղեկով մեքենաներ, 6 ամսում ղեկը փոխել և շահագործել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին կառավարության նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1359-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  որոշման նախագիծը՝ ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար:

Մաքսային նոր ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն ներմուծել ՀՀ տարածք՝ առանց վերասարքավորման, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում ձախակողմյան ղեկային համակարգով, այնուհետև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում:

ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հստակեցրեց, որ այն մեքենաները, որոնք կուտակված են մաքսակետում և այն մեքենաները, որոնք մինչև մարտի մեկը կհայտնվեն մաքսակետում, հնարավորություն կունենան այս մեխանիզմով փոխելու ղեկը և շահագործելու:

Իսկ «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այս մոտեցմանը կո՞ղմ են, հետաքրքրվեց Միրզոյանը: 

«Այն ներմուծողները, որոնք մաքսակետում են, պարտավորություն են ստանձնել, որ սա վերջին խմբաքանակն է, որ հնարավորություն են ստանում մաքսազերծելու»,-ասաց փոխնախարարը:

Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ այս կարգավորումը գործելու է մինչև 2019 թվականի  մարտի մեկը և կարևորեց, որ հասարակությունը տեղեկացված լինի այն մասին, որ արգելքը շարունակելու է գործել դրանից հետո: