Բաքուն հերքել է ռուսական «Բալ-Է» հրթիռային համալիր գնելու մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մեկնաբանելով տարածված այն տեղեկությունը, թե Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը, հայտնում է, որ ռուսական կողմի հետ դեռ չի բանակցել այդ հարցով: Այս մասին գորւմ է tass.ru՝ մեջբերելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունը։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք բանակցություններ չենք վարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիր գնելու համար: Նման մտադրություն չի եղել», - ասված է հայտարարության մեջ՝ մանրամասնելով, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածի առափնյա մասի անվտանգությունն ապահովում են տարբեր երկրների արտադրության առաջադեմ պաշտպանական համակարգերն ու հրթիռային համալիրները:

Հիշեցնենք, ինչպես արդեն հայտնել ենք, ըստ kommersant.ru-ի, Ռուսաստանը հրաժարվել էր «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիր վաճառել Ադրբեջանին՝ ելնելով զինված ուժերի մտավախություններից։ ՌԴ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ այն կարող է պոտենցիալ վտանգ առաջացնել Կասպից ծովի՝ ռուսական տարածքի ջրերում գտնվող նավատորմին:

«Ռուսաստանի համար մեկ համալիրի մատակարարումը մերժելն այնքան էլ էական չէ, վերջին տարիներին պաշտոնական Բաքուն ՌԴ-ից գնել է 5 մլրդ դոլարի ռուսական զենք-զինամթերք։ Այնպես որ, դժվար, թե դա սառեցնի ռուս-ադրբեջանական հարաբերությունները»,- գրել էր kommersant.ru-ն։