Նախագահը 5 մլն դրամ է նվիրաբերել Գյումրու «Բեռլին» բուժկենտրոնին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Օրերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը եղել է Գերմանական Կարմիր խաչի Բեռլինի կենտրոնակայան: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Գերմանական Կարմիր խաչի նախագահը Հայաստանի նախագահի տիկնոջը՝ Նունե Սարգսյանին, հանձնել էր Գյումրու «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման աշխատանքների համար նախատեսված 10 հազար եվրո գումարի նվիրատվության կտրոնը:

Շնորհակալություն  հայտնելով նվիրատվության համար՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ Գյումրու «Բեռլին» բժշկական կենտրոնի վերանորոգման համար նվիրատվություն կլինի նաև իր կողմից՝ ավելի մեծ ծավալի աշխատանքներ կատարելու համար:

Դեկտեմբերի 5-ին հանրապետության նախագահը և տիկին Նունե Սարգսյանը Գյումրիում այցելել են «Բեռլին» բժշկական կենտրոն և հանձնել նվիրատվությունների կտրոնները. Գերմանական Կարմիր խաչի նվիրաբերած 10 հազար եվրոյին հանրապետության նախագահն ավելացրել է 5 մլն դրամ: 

Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ նվիրատվության գումարի միջոցով բժշկական կենտրոնի աշխատանքային պայմանները և հնարավորություններն ավելի կբարելավվեն: