ՀՀ-ի և Ադրբեջանի համար 1992 թ. Բիշքեկի համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News 

ԱԳՆ

1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի էջը։ 

«Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով։

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի քաղաքացիների համար վերոնշյալ համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։

Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից։

Վերոնշյալ տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքէջում»:

 --00—ՄՀ