Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

 ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 9, 24News

Փարաջանով

Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է՝  97-ամյակը։

Փարաջանովը ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945թ-ին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի/ՎԳԻԿ/ ռեժիսորական ֆակուլտետը: 1952թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում որպես բեմադրիչ ռեժիսոր: Մինչև 1963թ. նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր: 1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է իշխանությունների կողմից։ 

1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան։ Փարաջանովը առաջարկում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Նա շրջում է Հայաստանով, ծանոթանում է նրա ճարտարապետությանը և արվեստին: Մեծ ոգևորությամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձել է  նրա լավագույն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժվարություններով դուրս է եկել էկրան «Նռան գույնը» անունով:
Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվել է կինոյից. ավելին՝ նրան երկու անգամ բանտ են նետել՝ 1974-1978թթ. Ուկրաինայում և 8 ամիս Թիֆլիսում՝ 1982թ.: Այդ դաժան վերաբերմունքի իրական պատճառը նրա լեզուն էր և արվեստը, որը չէր գոհացնում իշխանությանը: 

Փարաջանով

Այդ տարիներին, երբ Փարաջանովը զրկված էր ֆիլմ նկարելուց, նա իր ողջ ստեղծագործական ավյունը ուղղել է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և այլ արվեստի գործերի ստեղծմանը:  Նա ասում էր. «Ինձ չէին թողնում ֆիլմեր նկարել, ես սկսեցի կոլաժներ անել: Կոլաժը դա սեղմված ֆիլմ է»: Եվ իրոք, եթե ֆիլմի ստեղծումը կախված է բազմաթիվ հանգամանքներից, ապա կոլաժում նա ազատ է և կարող է անել այն, ինչ ուզում է:
Կյանքի վերջում նա նկարահանել է ևս 2 ֆիլմ «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում՝ «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» և «Աշուղ ղարիբ»:

1989թ-ին «Հայֆիլմ» կինոստուդիայում ռեժիսորը սկսել էր  աշխատանքները «Խոստովանանք» ինքնակենսագրական ֆիլմի վրա: Հազիվ սկսած նկարահանումները ընդհատվել են Փարաջանովի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սարգիս Փարաջանյանցը վախճանվել է Երևանում 1990թ-ին:

«Փարաջանովի հեռանալով` կինոյի աշխարհը կորցրեց իր կախարդներից մեկին», - այսպես են արտահայտվել համաշխարհային մշակույթի և կինոյի խոշորագույն գործիչները:

«Ս.Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացած մի քանի` «Մոռացված նախնիների ստվերները» /1964/, «Սայաթ-Նովա» կամ «Նռան գույնը» /1969/, «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» /1985/, «Աշուղ Ղարիբ»/1988/ գլուխգործոց ֆիլմերի հեղինակն է: Ժամանակակիցների կողմից բարձր գնահատված նրա պոետիկական կինոլեզուն յուրահատուկ ներդրում է կինոարվեստում: 

Ս.Փարաջանովի էսթետիկայի համակարգում առանձնակի տեղ է գրավում արևելյան, այդ թվում նաև հայկական և եվրոպական արվեստների ավանդույթներով սնվող պլաստիկ արվեստը:

Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունը իր համանմանը չունի համաշխարհային արվեստում: Այն աչքի է ընկնում իր բարձր վարպետությամբ, վառ երևակայությամբ և սրամտությանբ: Նրա աշխատանքներին առանձնակի հմայք և փայլ է հաղորդում օգտագործված առարկաների և նյութի զանազանությունը:
Դրանց մեծ մասը ստեղծված է ազատազրկման մեջ:

 

 --00—ՄՀ