Ստալինյան տրոյկաները հենց այդպես էին ձևավորվում․ Քոչարյանի պաշտպանը՝ Փաշինյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հայկ Ալումյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝  դեկտեմբերի 4-ին դատական համակարգին ուղղված հայտարարությունը պատահական չի համարում։ Այդ մասին Հայկ Ալումյանն ասաց այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հրավիրած ասուլիսի ընթացքում։

Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը վերաքննիչ դատարանում ավարտվեց դեկտեմբերի 4-ին։

«Նույն օրը Փաշինյանն Աշտարակում ելույթ ունենալով, սպառնալիքներ հնչեցրեց դատական համակարգի հասցեին։ Կարծում ենք՝ դա պատահական չէ։ Դրանք, թեև, քողարկված էին այլ թեմայով, ուղղված էին այն դատավորին ու դատարանին, որը Քոչարյանի վերաբերյալ պետք է որոշում կայացնի։ Սա ամենամեծ ճնշումն է, որը հնարավոր է գործել դատարանների նկատմամբ»,- ասաց Ամումյանը։

Պաշտպանի խոսքով՝ ծայրահեղ վտանգավոր են այդպիսի հայտարարությունները։ 

«Ստալինյան տրոյկաները հենց այդ կերպ էին ձևավորվում»,- ասաց նա։

Ալումյանն ընդգծեց, որ պատրաստ են դիմել ՄԻԵԴ, եթե արձանագրեն պաշտպանյալի՝ Քոչարյանի իրավունքի խախտում։ Ըստ նրա՝ դատական համակարգի նկատմամբ այս ճնշման պայմաններում կայացված ցանկացած որոշում դատապարտված է համարվելու անօրինական։