Կասեցվել է լավաշի և հրուշակեղենի արտադրամասի գործունեությունը․ խախտումները մի քանիսն էին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն անհատ ձեռնարկատեր Լուսինե Սիմոնյանին պատկանող լավաշի եւ հրուշակեղենի արտադրամասում (Լոռու մարզ, ք Ալավերդի) անցկացրած վերահսկողական միջոցառումների շրջանակում պարզել են, որ արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։

Արձանագրվել են նաև այլ անհամապատասխանություններ, մասնավորապես պատրաստի արտադրանքը չի ունեցել հայերեն մակնշում, իսկ չփաթեթավորված լավաշը՝ տեղեկատվական թերթիկ, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրա որակը եւ անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, արտադրողի կողմից չի իրականացվել պատրաստի արտադրանքի լաբորատոր հսկողություն՝ որակի եւ անվտանգության ցուցանիշների նկատմամբ: Այս արտադրամասի երկու աշխատակիցներ չեն անցել նախնական եւ պարբերական բժշկական զննություններ եւ չեն ունեցել սանիտարական գրքույկներ:

Տեսչական մարմինը կասեցրել է Ա/Ձ Լուսինե Սիմոնյանի արտադրական գործունեությունը: Հայտնաբերված խախտումները վերացնելու համար տրվել է ժամանակ, իսկ աշխատակիցները զրկվել են աշխատանքի իրավունքից, մինչեւ սահմանված կարգով պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: