«Ոստիկանները գիշերը հերթապահել էին մեր շենքի մուտքի մոտ». Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

նկար

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ քիչ առաջ ազատ է արձակվել և դուրս եկել ոստիկանության կենտրոնական բաժնից:

«Երեկվա հայտարարությանս համաձայն՝ դուրս եկա տանից և ուղևորվեցի օդանավակայան: Շենքի բակում նկատեցի ու ողջունեցի ոստիկանության օպերատիվ ծառայողներին, որոնք ամբողջ գիշեր ծածուկ (իրենց կարծիքով) հերթապահել էին մեր շենքի մուտքի մոտ:

Նստեցի մեքենան ու շարասյունով, որի մեջ էին երեք օպերատիվ մեքենաներ, «միասին» շարժվեցինք դեպի օդանավակայան: Հասնելով կոնյակի գործարանի մոտ տեսա, որ Իսակովի պողոտան փակել են: Շրջադարձ կատարեցի և շարժվեցի դեպի Արշակունյաց փողոց:

Կրկին շարասյանով, որին ընթացքում միացան նաև 2 ճանապարհային ոստիկանության մեքենաներ:

Արշակունյաց պողոտայում ՃՈ մեքենայից բարձրախոսով հայտնեցին մեքենայիս համարանիշը և խնդրեցին կանգնել: Բնականաբար կանգնեցի: Կանգնեցի ու մեքենայիս մոտեցան ոստիկանության 5 օպերատիվ ծառայողներ և հայտնեցին, որ ինձ բերման են ենթարկում ոստիկանության բաժին:

Ոստիկանության բաժնում հայտնեցին, որ ես կասկածվում եմ քրեական օրենսգրքով նախատեսված ինքնիրավչություն կատարելու մեջ: Ավելի ծիծաղելի մեղադրանք չէի կարող պատկերացնել:

Ոստիկանության բաժնում հենց տեղեկացան, որ ստահակ դավաճանը ոստիկանության և ԱԱԾ զորքերի ջանքերով ճողոպրել է արժանապատիվ քաղաքացիների միջով ու փախել է երկրից՝ ինձ հայտնեցին, որ ազատ եմ:

Նիկոլ, ամբողջ կյանքումդ վախենալու ես արժանապատիվ հայից: Ամբողջ կյանքումդ թաքնվելու ես ինձանից:

Դավաճանին հիշեցնում եմ, որ ես ունեմ ծով համբերություն, իսկ ինքը ժամանակավոր անվտանգություն», - ֆեյսբուքյան էջում գրել է Արսեն Բաբայանը։

--00—ԼՄ