Իսրայելցի արաբների կեղծ դիպլոմների հետ «Հայբուսակը» կապ չունի․ հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

«Հայբուսակ» բժշկական համալսարամը հաղորդագրություն է տարածել կեղծ դիպլոմների  սկանդալի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ ասվում է․

««Հայբուսակ» համալսարանը պատասխանատու է Հայաստանում կրթության կազմակերպման և որակի համար, իսկ աշխատանքային արտոնագրի տրամադրումն արդեն այն երկրի գործառույթների շրջանակում է, որտեղ պետք է գործունեություն ծավալի տվյալ մասնագետը։

Հայաստանյան բուհական համակարգում արդեն 27 տարի գործող «Հայբուսակ» համալսարանը շուրջ 15 տարի կրթում է նաև արտասահմանյան ավելի քան 30 երկրների քաղաքացիների։

Հայտնում ենք նաև, որ «Հայբուսակ» համալսարանում սովորող յուրաքանչյուր օտարերկրացի ուսանող մեր երկրում գործող պետական պատկան բոլոր մարմինների միջոցով մշտապես անցնում է անհրաժեշտ փաստաթղթային ընթացակարգով, որից հետո իրականացվում է նրանց կրթությունը։

Վստահեցնում ենք, որ «Հայբուսակ» համալսարանը մշտական կապի մեջ է բոլոր այն երկրների հետ, որտեղից ուսանողներ են գալիս սովորելու մեզ մոտ։

Այդ ամենի արդյունքում իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ, հաշվի են առնվում նաև այդ երկրներից ներկայացվող պահանջները՝ ինչը տարեցտարի մեծապես նպաստում է կրթության որակի բարձրացմանը։ Մենք մշտապես կարևորել ենք մեր գործունեության թափանցիկությունը, տասնամյակներ շարունակ ձևավորած բարի համբավը, հեղինակությունը և սկզբունքորեն բացառում ենք, որևէ տեսակի կեղծ փաստաթղթի առկայություն, որը կարող է առնչություն ունենալ մեր համալսարանի հետ։

Համոզված ենք, որ Իսրայելում ծագած այս խնդիրը կարճ ժամանակում կհանգուցալուծվի և կպարզվեն կեղծ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասները, որոնք, բնականաբար չենք կարող առնչություն ունենալ «Հայբուսակ» համալսարանի հետ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մամուլում իսայելի ոստիկանությունը օրերս ձերբակալել էր 40 բժիշկների, որոնց կասկածվում էին կեղծ դիպլոմներով մասնագիտական գործունեություն ծավալելու մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ բոլոր կասկածյալներն իսրայելցի արաբներ են, նրանք ունեցել են հայաստանյան բուհերի՝ այդ թվում նաև «Հայբուսակ» համալսարանի դիպլոմներ։ Ըստ իսրայելական ոստիկանության՝ այդ փաստաթղթերը ձեռք են բերվել զարտուղի ճանապարհով՝ ուսումնական գործընթացին ոչ լիարժեք մասնակցության արդյունքում: