Զ, Մնացականյանը Ավստրիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ԱլԳ համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 6, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ավստրիացի իր գործընկերոջ՝ Կարին Կնայսլի հետ։

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել ԵԱՀԿ Նախարարական 25-րդ խորհրդի օրակարգի, Կազմակերպության գործունեության և դրա շրջանակներում համագործակցության շուրջ:

Հայաստանի և Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը ձեռնարկելու գործնական քայլեր փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ՝ այդ առումով կարևորելով բարձրաստիճան շփումների և փոխայցելությունների կազմակերպումը: Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում ավստրիական կառավարության շարունակական աջակցությունը Հայաստանի զարգացման օրակարգին:

Զրուցակցի խնդրանքով՝ նախարարի պաշտոնակատար Մնացականյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին և ժողովրդի կողմից լայն մանդատով օժտված Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացին՝ ընդգծելով, որ վստահելի և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Անդրադառնալով ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի առաջմղման գործում Հայաստանի շարունակական նախաձեռնություններին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է այդ շրջանակներում դեկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը:

Հանդիպման օրակարգում  էին նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին, Արևելյան գործընկերության շրջանակներում ծավալված համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։