Կառավարությունից առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն․ Արա Զոհրաբյան

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 13,  24News  

Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՏՔԱՅԼԸ

Ինչպես գիտեք, Կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի փաթեթը, որով նախատեսվում է՝

- մինչդատական քրեական վարույթի գործերի (այդ թվում՝ կալանքների, գաղտնալսումների հարցերով) և կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնել քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք կներգրավվեն արտահերթ կարգով նշանակվող նոր դատավորներից կամ «վեթթինգ» անցած գործող դատավորներից.

- ավելացնել դատավորների թվակազմը առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 21-ով, իսկ վերաքննիչ քրեական դատարանում 3-ով.

- նոր դատավորների թեկնածուների հավակնորդների ուսուցումը և փորձաշրջանն իրականացնել երկամսյա ժամկետում:

Այս նախագծային փաթեթը խնդրահարույց է և չի պարունակում բավարար հիմնավորում:

Մասնավորապես,

- երկամսյա ժամկետում նոր դատավոր «պատրաստելու» քաղաքականությունը հարվածելու է արհեստավարժ դատավորներ ունենալու հանրային շահին.

- Երևան քաղաքում մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը միայն «նոր դատավորներին» (այդ թվում՝ վեթթինգ անցած) վերապահելու մոտեցումը կարող է բացատրվել միայն քաղաքական բաղադրիչով, որը նպատակ է հետապնդում ավելի վերահսկելի դարձնել հատկապես կալանքի սանկցիաների մասով դատավորների որոշումները, որոնք վերջին շրջանում իշխանահաճո չեն:

Հիշեցնեմ, որ գործող իրավակարգավորումներով դատավորի թեկնածուի ուսումնառության նվազագույն ժամկետը սահմանված է 7 ամիս, իսկ փորձաշրջանի տևողությունը՝ 3 ամիս:

Առաջարկվող հետքայլը չունի այլ բացատրություն»:

--00—ՄՀ