Արցախի նախագահն Արմավիրում ներկա է եղել զոհված Հակոբ Հարությունյանի հուղարկավորությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 14, 24News

Արարատի մարզպետարանից հայտնում են՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է եղել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդյայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը:

«Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած կյանքով արժանացել են Հայոց Անմահ հերոսների հետևորդները կոչվելու պատվին:

Իր մեծագույն ափսոսանքն ու զորակցությունն է արտահայտել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ զոհված հայորդուն Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:

Հավելենք, որ Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարինտակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։ Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ:

Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով։

Դին հայտնաբերվել է վերջերս»,- ասվում է մարզպետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ:

--0--ԿԿ