8000 ընտանիք կացարանի կարիք ունի. ԱՀ ԱԺ խոսնակն ընդունել է «Մայրություն» ՀԿ-ի անդամներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

1

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունվարի 14-ին ընդունել է «Մայրություն» հասարակական կազմակերպության մի խումբ ակտիվիստների՝ կառույցի նախագահ Հասմիկ Միքայելյանի գլխավորությամբ: Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել պատերազմական գործողությունների արդյունքում անտուն մնացած քաղաքացիների հիմնախնդիրներին: 8000 ընտանիք կացարանի կարիք ունի: Արդեն իսկ գործուն քայլեր են արվում ակտիվ  բնակարանաշինության համար: Հնչեցվեց մտահոգություն Ստեփանակերտի գերբնակեցման կապակցությամբ, ինչին ի պատասխան խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ մոտ 600 տուն կվերանորոգվի գյուղական բնակավայրերում:

ԱԺ նախագահն անդրադարձավ ռազմագերիների եւ անհետ կորածների ճակատագրերին՝ շեշտելով, որ իշխանությունների կողմից ամեն ջանք գործադրվում է տղաների գտնվելու վայրը հայտնաբերելու ու նրանց տուն վերադարձնելու ուղղությամբ:

Արթուր Թովմասյանը շեշտեց այն միտքը, որ ամեն մեկը իր տեղում ազնիվ ծառայելով՝ կնպաստի երկրում կայունության հաստատմանը:

--00—ԼՄ