Աննա Հակոբյանը ապաստան, հանգստություն և շքեղություն է փնտրում կորստի խորհրդանիշի մեջ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 15, 24News

հասարակական

Ամբողջ աշխարհում հայերի համար կարևորագույն խորհրդանիշներից մեկը Արարատն է։ Սփյուռքում Արարատ անունով են կոչվել տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կազմակերպություններ, ակումբներ, հյուրանոցներ և ռեստորաններ։ Իսկ երևանցիները, մանկուց ամեն առավոտ տեսնելով այն իրենց առջև, զգացմունքների մի ամբողջ գունապնակ են վերապրում՝ հպարտությունից մինչև ցավ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Մեհրիբան Ալիեւան, որին Աննա Հակոբյանը հրավիրում էր Շուշի՝ «թեյ խմելու եւ մուղամ լսելու», մտել է Ղազանչեցոց եկեղեցի եւ ոչ որպես հյուր: Իսկ Աննա Հակոբյանը, որը ժամանակին հպարտությամբ էր ներկայանում որպես տանտիրուհի Շուշիի բնապատկերների ֆոնի վրա, մեկնել է Մոսկվա, և համացանցում տարածվել են կադրեր, թե ինչպես են ժամանողները բնակություն հաստատում «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում։

Այսինքն՝ նույն օրը, երբ Մեհրիբան Ալիևան «ստեղծեց» մեզ համար կորստի նոր խորհրդանիշ, դրա համար պատասխանատու Աննա Հակոբյանը ապաստան, հանգստություն և շքեղություն է փնտրում կորստի մեկ այլ խորհրդանիշի մեջ...

Մեզանից շատերի մոտ տանջալից հարց էր առաջանում՝ ինչպե՞ս պատահեց այս ամենը։ Ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ։ Ինչպե՞ս այն, ինչ դեռ երեկ մեր մարմինն ու արյունն էր, մեր իրական աշխարհիկ կյանքի մի մասը՝ մի ակնթարթում դարձավ խորհրդանիշ, ցավ, հիշողություն։ Այժմ մենք՝ ներկայիս սերունդները, ցավոք, գիտենք նաև այդ հարցերի պատասխանները... Քչերը գիտեն, որ Շուշիի գլխավոր տաճարի ամբողջական անունը՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին է: Ղազանչեցոց երկրորդ անվանումը հարգանքի տուրք է՝ եկեղեցին կառուցած Նախիջեւանի Ղազանչի գյուղի այն բնակիչների հիշատակին,որը հայերը թողել եւ կորցրել են ընդմիշտ։