ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 16, 24News
«Հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը վստահ է՝ պատերազմը հնարավոր էր կանխել, և դա ապացուցված է ոչ միայն մեր, այլև արտասահմանի մի շարք մասնագետների ու փորձագետների կողմից:
Այսօր՝ հունվարի 16-ին, Վանաձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ եթե մեր բանակը պատրաստ լիներ, ապա կարող էինք ամուր պահել մեր դիրքերը: Մանուկյանի համոզմամբ՝ եթե հիմար հրամաններ չլինեին, կարգ ու կանոն լիներ, եթե կարողանային ճիշտ կարգավորել բանակի աշխատանքը, այդչափ կորուստներ չէինք ունենա: Ի սկզբանե էլ հիշեցնում է, պատերազմն ավելի քիչ կորուստներով կանգնեցնելու առաջարկ է եղել: Նա ապացուցված է համարում հանգամանքը, որ Շուշին ոչ թե թուրքերն են գրավել, այլ մերոնք են տվել: Իսկ դավաճանությա՞ն, թե՞ հիմարության պատճառով է Շուշին հանձնվել, դա, ըստ բանախոսի, խոսակցության այլ թեմա է:
Նույնիսկ պատերազմի նման ելքից հետո նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը, վստահ է վարչապետի թեկնածու Մանուկյանը, կարող էր շատ ավելի հայանպաստ լիներ: Ավելին՝ հայկական կողմը քաղաքական որևէ բանակցություն ու առտևտուր չի արել այն ի նպաստ մեզ ծառայեցնելու համար:
«Մանրամասն հետևելով ռազմական գործողություներին, Ալիևի հայտարարություններին, ադրբեջանական ոչ պաշտանական լրատվությանը՝ կարող եմ պնդել, որ նոյեմբերի 8-9-ին ադրբեջանական բանակն էլ դադար առնելու կարիք ուներ: Զենքն ու զինամթերքը նրանց մոտ շատ էր, զինվորներ ունեին, բայց նրանք էլ հոգնած էին, երկրի ներսում էլ ներքին դժգոհություն կար: Դա այն վիճակն էր, որ հայկական կողմը կարող էր առևտուր անել, ինչից հետո նվաստացուցիչ շատ կետեր հայտարարության մեջ տեղ չէին գտնի: Իհարկե, լավ է՝ պատերազմը վերջացավ, բայց այդ հայտարարությունը նվաստացուցիչ, կործանարար է ժողովրդի ու պետության համար»,-մանրամասնում է Վազգեն Մանուկյանը:
Վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության» ճակատի վարչապետի թեկնածուն նշեց նաև՝ 44 օր տևած պատերազմի հետևանքով ավելի շատ զոհ ունեցանք, քան 1990-ականներին, երբ հաղթանակ էինք տարել: Հարյուրավոր գերիներ ունենք, հավելում է, կորցրել ենք բանակը, ջարդված է այն, բանակից մնացորդներ են մնացել, ապա շարունակում՝ միլիարդ դոլարից ավելի զենք ու զինամթերք ենք կորցրել, տնտեսական հսկայական կորուստներն էլ մի կողմից, կործանարար խաղաղության մեջ մտանք:
«Ժողովորդի ճնշող մեծամասնությունը նոյեմբերի 10-ից հետո այնքան ճնշված ու ստորացված էր իրեն զգում, որ հեղափոխության, հեղաշրջման կամ մեկ այլ փոփոխության էր սպասում, որ փոխվի այս իշխանությունը: Ժողովորդի մի հատված էլ ասում է՝ ճիշտ է, Փաշինյանը լավ ղեկավար չի, տանուլ է տվել, բայց հիմա, երբ պատերազմն արդեն ավարտվել է, եկեք կամաց-կամաց առաջ գնանք: Ճանապարհները բացվում են, ասում են, կսկսենք առևտուր անել և այլն: Բայց նրանք չեն հասկանում, որ անգամ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո մեր պարտությունը շարունակվում է: Չարաբաստիկ այդ հայտարարության առաջին կետը, որտեղ ասվում է, որ հանձնում ենք Քելբաջարն ու Լաչինը, իսկ մնացած տեղերում զորքը կանգնում է այնտեղ, որտեղ կանգնած է, փաստացիորեն խախտվել է: Զանգեզուրում, Սյունիքում մեր զորքը կիլոմետրերով առաջ էր կանգնած, Նիկոլ Փաշինյանի հրամանով զորքը հետ է կանչվել, ու Սյունիքի սահմանների առումով խնդիր ունենք: Հայաստանը շարունակվում է սեղմվել ու փոքրանալ նույնիսկ պատերազմից հետո»,- ընդգծում է ՀՀ նախկին վարչապետը:
--0--ԿԿ