Մոսկվան մտադիր չէ ճանաչել ԼՂ անկախությունը. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 18, 24News

Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հիշատակված չէ, և դա արվել է միտումնավոր: Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Տարածքը, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները, հանդիսանում է ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում մենք հենց դրանով ենք առաջնորդվում: Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող փախստականներին աջակցության կազմակերպման հետ կապված մանրամասներ, նյուանսներ: Մենք ցանկանում ենք, որ բացի Կարմիր Խաչից, որ վաղուց այնտեղ է և շարունակում է իր աշխատանքը, այլ միջազգային կազմակերպություններ ևս առաքելություն իրականացնեն ԼՂ-ում»,- ասաց Լավրովը` նշելով, որ այստեղ ևս ԼՂ կարգավիճակի հետ կապված խնդիրներ կան:

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով` Ղարաբաղի կարգավիճակի հարցում Երևանի և Բաքվի մոտեցումները հակասական են եղել, ուստի ղեկավարները որոշել են շրջանցել այդ հարցը, այն թողնել հետագային: Այդ հարցով, ըստ Լավրովի, պետք է զբաղվեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, վերջիններս այժմ վերականգնել են իրենց կոնտակտները կողմերի հետ, պատրաստվում են ևս մեկ անգամ այցելել տարածաշրջան, սակայն այդ հարցը կարող է ավելի հեշտ լուծվել, երբ կատարվեն այն հայտարարությունները, որոնք եղել են հայկական և ադրբեջանական կողմից, որ վերաբերում են ԼՂ-ում խաղաղ գոյակցող բոլոր էթնիկ և կրոնական հանրույթների խաղաղ կյանքի վերականգնմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղը ՌԴ կազմում ներառելու հավանականության մասին խոսակցություններին` Լավրովը նշեց.

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու էկզոտիկ առաջարկին, ապա, որքան հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը դեռ ճանաչված չէ որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կողմից: Մենք նման մտադրություն անգամ չունենք։ Մենք ելնում ենք նրանից, որ այս տարածաշրջանում բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասաց նա:

ՌԴ ԱԳ նախարարը նշեց` Ռուսաստանը պատրաստ կլինի օգնել գտնել այնպիսի լուծումներ, որ կնպաստեն, որ տարածաշրջանում հաստատվի խաղաղություն, կայունություն և անվտանգություն։

--00--ԱԹ