ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News
«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Գյումրիում ցրտահարությունից մահվան դեպք է գրանցվել:
«Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը. միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70-ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն:
Անկեղծ ասած, ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ...:
Մանրանասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ, հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել:
Ինչևիցե, տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հողարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար», - գրել է Վահան Թումասյանը։
--00—ԼՄ