Նա մեր երկրի բարեխիղճ զավակն էր. թուրք պաշտոնյան՝ Հրանտ Դինքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

nkar nkar

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթթին Ալթունը Twitter-ում գրառում է արել պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի հետ կապված, գրում է ermenihaber.am-ը:

Ալթունը կրկնել է Թուրքիայի իշխանությունների կողմից պնդվող այն թեզը, թե իբրև Դինքի սպանությունը կազմակերպել է այդ երկրում ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական կազմակերպությունը» (FETÖ, գյուլենական շարժում)։

«Հրանտ Դինքը մեր երկրի բարեխիղճ զավակն էր, Անատոլիայի (Արևմ․ Հայաստան-խմբ․) համարձակ սիրահարներից։ Նրա ճակատի քրտինքը հանուն այս հողերի էր թափվում, իսկ գրիչը միշտ եղբայրության համար թրթռում։ 14 տարի է անցել այն օրից, ինչ ստոր ահաբեկչական կազմակերպությունը՝ FETÖ-ն, խլեց Հրանտին մեզանից։ Միշտ հիշելու ենք նրա անկեղծությունն ու սերը Անատոլիայի նկատմամբ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրության շենքի դիմաց սպանվեց թերթի խմբագիր, հայազգի Հրանտ Դինքը: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915 թվականի հայերի ցեղասպանության մասին՝ որպես փաստ, մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը: Հրանտ Դինքը քննադատել է թուրքական կառավարության գործողությունները էթնիկ փոքրամասնությունների ճնշման և մարդու իրավունքների ոտնահարման համար:

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը խորապես քննադատել են նաև միջազգային հանրությունը և օտարերկրյա պետությունների ղեկավարները:

 

--00—ԼՄ