Ջեռուցման կաթսա էին գողացել, ապա «ՎԱԶ-2107»-ով ինքնավթարի ենթարկվել. բացահայտում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Հունվարի 16-ի լուսադեմին «ՎԱԶ-2107»-ը էլեկտրասյանն էր բախվել Վանաձորի Զաքարյան ու Բանակի փողոցների խաչմերուկում։

Նախքան ինքնավթարը, ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տպագրիչների փողոցի առանձնատներից մեկից գողություն է կատարվում։ Օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր։ Քրեական հետախույզների տեղեկությունները հավաստի էին։ Երիտասարդները տեսնելով ոստիկաններին՝ ջեռուցման կաթսան տեղավորել էին մեքենայում ու փախել։ Քրեական հետախույզները հետապնդել էին։ Բարձր արագությամբ ընթացած «Ժիգուլին» դուրս էր եկել ճանապարհից ու բախվել էլեկտրասյանը, ինչից հետո երիտասարդները փորձել էին ազատվել իրեղեն ապացույցից. կաթսան հանելով մեքենայից։ Նրանք տեղում բռնվեցին ու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Տարոնի բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք առանձնատան նկուղից հանել էին կենցաղային իրերով արկղեր, բայց չէին հասցրել տեղավորել մեքենայում։ «ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

--00—ԼՄ