2020թ. բավական ծանր տարի էր նաև մարզային փրկարարական վարչության համար

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 20,  24News

ԱԻՆ Լոռի

Հունվարի 20-ին Լոռու մարզպետարանի դահլիճում ներկայացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության գործունեության ամփոփիչ հաշվետվությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվականից: Ներկա էին նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը, մարզպետարանի պաշտոնյաներ, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ:

Ողջունելով ներկաներին՝ մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց վարչության աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:

«2020թ. բավական ծանր տարի էր նաև մարզային փրկարարական վարչության համար: Համավարակի և պատերազմի օրերին դուք ցուցաբերել եք բարձր պրոֆեսիոնալիզմ, ակտիվորեն համագործակցելով Լոռու մարզպետարանի հետ՝ իրականացրել եք ձեր առջև դրված բոլոր կարևորագույն  խնդիրները»,-ասաց Ա. Խաչատրյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա. Փամբուխչյանը:

«Իրենց կյանքը վտանգելով՝ մեր փրկարարներն ամեն օր ապահովում են քաղաքացիների անվտանգությունը: Ձեր աշխատանքն արժանի է ամենաբարձր գնահատականի»,-ասաց նա՝ կարևորելով 2021թ. իրազեկման և կանխարգելիչ միջոցառումների առավել ակտիվացումը:

Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածի   գործունեությունը, նշեց, որ 2020 թվականի հիմնական միջոցառումների պլանով նախատեսված ծրագրերն ամբողջությամբ կատարել է: Մարզային փրկարարական վարչության  գործունեությունն ուղղված է եղել.

  • վարչությանիրավասության սահմաններում՝ պետական կառավարման  տարածքային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման  մարմինների,կազմակերպությունների հետ համագործակցության  իրականացմանը.
  • կորոնավիրուսային համավարակի և ռազմական դրության պայմաններում գործունեության իրականացմանը,
  • արտակարգիրավիճակների, դեպքերի, պատահարների վերաբերյալ ահազանգերի սահմանված կարգով սպասարկմանը.
  • ստորաբաժանումների մարտունակության և կարգապահության բարձրացմանը:

2020 թ. ընթացքում Լոռու մարզի տարածքում գրանցվել է 1176 արտակարգ դեպք և պատահար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 17,5%-ով:

Վարչության պետի տեղեկացմամբ՝ պատերազմական գործողությունների ընթացքում հատկապես աշխատանքներ են իրականացվել մարզում առկա պատսպարանները և թաքստոցները ինժեներատեխնիկական նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ: Թվով 15 փրկարարներ մասնակցել են պատերազմական գործողություններին:

Նա ընդգծեց նաև բազմաբնակարան շենքերի, կազմակերպությունների, մասնավոր տների նկուղները պատշաճ տեսքի բերելու կարևորությունը՝ այս հարցում ակնկալելով նաև մարզային իշխանությունների աջակցությունը: Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքներին անդրադառնալով՝ վարչության պետը ներկայացրեց ամենօրյա պարբերականությամբ մարզում հանրային օբյեկտների ախտահանման աշխատանքներին (ավտոկանգառներ, բանկոմատներ, շուկաներ և այլն):

Նշվեց, որ 2020թ. վարչության ենթակա ստորաբաժանումները համալրվել են ճապոնական ևս թվով 9 հատ «Իսուզու» մակնիշի ավտոբաքով, ամբողջությամբ կապիտալ վերանորոգվել են Տաշիրի, Գուգարքի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները: Մասնակի վերանորոգումներ են իրականացվել նաև պետական ծրագրում չընդգրկված հրշեջ- փրկարարական ջոկատներում: Վարչության պետն անդրադարձավ նաև առկա խնդիրներին և առաջարկվող լուծումներին:

Հաշվետվության պաշտոնական մասը եզրափակվեց իրենց մասնագիտությանը հավատարիմ փրկարարների պարգևատրման արարողությամբ: Մարզպետ Արամ Խաչատրյանը, ևս մեկ անգամ բարձր գնահատեց կատարված աշխատանքները՝ վերահաստատելով մարզպետարանի պատրասատակամությունը ամեն կերպ աջակցել վարչության գործուներությանը՝ ի շահ մարզի ազգաբնակչության անվտանգության ապահովման:

Մարզպետը շնորհակալագրեր հանձնեց ոլորտի մի խումբ նվիրյալների: Մի շարք անվանակարգերում, նաև վարչության պետի շնորհակալագրերով պարգևատրվեցին ըստ մասնագիտության ընտրված, լավագույն փրկարարները:

--00--ԱԹ