Իռլանդացի պատգամավորը ԼՂ պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ զեկույց է պատրաստում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 21,  24News

պատերազմ

Այսօր ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովում» քննարկվում էր Ղարաբաղյան պատերազմի հումանիտար հետևանքների վերաբերյալ հարցը: Նշեմ, որ նախատեսվում է զեկույց այդ թեմայով, որը հեղինակելու է իռլանդացի պատգամավոր Փոլ Գավանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։

«Քննարկման ժամանակ ևս մեկ անգամ շեշտեցի և զեկուցողի ուշադրությունը հրավիրեցի հետևյալ խնդիրների վրա. «Ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է ռազմագերիների և պատանդ պահվող այլ անձանց վերադարձը հայրենիք: Գերիների մեջ նաև կա կին՝ Մարալ Նաջարյանը: Անհրաժեշտ է, որ օր առաջ ապահովվի գերիների անվտանգ վերադարձը: Որպեսզի պատկերացնեք խնդրի լրջությունը, մեկ օրինակ բերեմ. ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց էր կիրառել Ադրբեջանում պահվող մի շարք հայ գերիների հարցով, որոնց թվում էր Հադրութի բնակիչ Արսեն Կարախանյանը: Այդ վճռից օրեր անց Արսեն Կարախանյանը սպանվում է: Սա է իրականությունը, ուստի բացառապես հումանիտար այս հարցը պետք է օր առաջ լուծում ստանա, և Եվրոպայի խորհուրդը մաքսիմալ ճնշում պետք է գործադրի իր անդամ երկիր Ադրբեջանի նկատմամբ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը իրագործելու համար:

Խնդրում եմ զեկույցը կազմելիս ուշադրություն դարձնել, թե պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ինչ հակահայկական հռետորաբանությամբ էր խոսում Ադրբեջանի նախագահը՝ օգտագործելով էթնիկ հայերին ուղղված վիրավորական արտահայտություններ: Հենց այս հռետորաբանության հետևանքով ենք ականատես եղել ադրբեջանական կողմից իրականացվող գլխատումների, դաժան սպանությունների և պատերազմական հանցագործությունների, որոնք տեղի են ունեցել պատերազմի ժամանակ և տարածվել են սոցցանցերով: Կարևոր է հասկանալ այդ հռետորաբանության հետևանքները:

Առաջարկում եմ նաև հատուկ ուշադրություն դարձնել մշակութային ժառանգության խնդիրներին: Հայերն ունեն հարուստ մշակութային ժառանգություն այն տարածքներում, որոնք այժմ Ադրբեջանի օկուպացիայի ներքո են գտնվում: Ադրբեջանը փորձում է կեղծել պատմությունը, ուստի սա հատուկ ուշադրության է արժանի: Նաև, քանի որ զեկուցողը ծրագրում է այց դեպի Հայաստան և Ադրբեջան, առաջարկում եմ դիտարկել նաև Լեռնային Ղարաբաղ այցելելու անհրաժեշտությունը: Այնտեղ բնակվող հայերը ամենից շատն են տուժել, ուստի հումանիտար խնդիրները հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ ներկայացնելու համար կարիք կա այց կատարել Լեռնային Ղարաբաղ»,- նշել է Հայրապետյանը։  
 --00—ՄՀ