Առաջարկվում է ստեղծել ներքին գործերի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 21, 24News

քաղաքական

Արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացրել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկում է կազմավորել Ներքին գործերի նախարարություն։

Ներկայացվող օրենքների նախագծերի համաձայն՝ նախարարության ենթակա մարմիններ են լինելու ՀՀ ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես նաև ներկայում Ոստիկանության ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունը՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ը։

Ենթակա մարմինների ղեկավարներին, բացառությամբ Ոստիկանության, պաշտոնի նշանակելու և այդ պաշտոնից ազատելու է վարչապետը՝ ներքին գործերի նախարարի առաջարկությամբ։

Ընդհանուր տրամաբանությամբ, ոստիկանության պետը շարունակելու է իրականացնել ոստիկանության ամենօրյա անմիջական ղեկավարումը, իսկ ներքին գործերի նախարարը պատասխանատու է լինելու ոլորտի քաղաքականության մշակման և իրականացման, կադրային նշանակումներ է կատարելու ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում։ Նույն կերպ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոնների ծառայողներին կարգապահական տույժի է ենթարկելու նախարարը, իսկ մյուս խմբերի պաշտոնների ծառայողներին՝ ոստիկանության պետը։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության քննչական դեպարտամենտին քննչական ենթակայությամբ առայժմ նախատեսվում է հանձնել ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով քրեական գործերի քննությունը։ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տվյալների շտեմարանի համաձայն՝ 2019 թվականին գրանցվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների 1667 դեպք (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 242-248-րդ հոդվածներ)։

--0--ԿԿ