ՏԿԵ նախարարի տեղակալը ԶՖԳ պատվիրակության հետ քնարկել է Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը՝ գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը։

Հանդիպման նպատակն էր քննարկել գործակալության հետ ընթացիկ ծրագրերի ընթացքը և ԶՖԳ-Հայաստան 2021-2023 թթ․ ծրագրի շրջանակում նախանշել համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։

Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ Վաչե Տերտերյանը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ նշելով, որ Հայաստանը մշտապես, հատկապես դժվար ժամանակահատվածներում, զգացել է բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը։

Զրուցակիցները քննարկել են գործակալության հետ իրականացվող ամենամեծ ծրագրի՝ Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը, ինչը Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին մեծ ջրամբարն է, և, փոխնախարարի խոսքով, վերջինիս կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Վ․ Տերտերյանը ներկայացրել է ջրամբարի կառուցման ընթացքը, քննարկել աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։

Նշենք, որ ծրագրի հաջող ավարտից հետո տարեկան կտնտեսվի մոտ 19.0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հեկտարով, ջրի կորուստները կկրճատվեն 20-25%-ով։

Գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Գործակալության պատասխանատուն վերահաստատել է ջրամբարի կառուցման հարցում իրենց կառույցի հանձնառությունը և նշել ծրագրի արդյունավետ իրականացման կարևորությունը։

«Գործակալությունն այս տարի շատ ավելի ակտիվ կլինի Հայաստանում։ Ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում կամրապնդենք մեր թիմը, որպեսզի 2021 թ․ ընթացքում և 2022 թ․ սկզբում արագացվեն աշխատանքները»,- նշել է Ռ․Ժոզանը։

Ռաֆայել Ժոզանի առաջարկությամբ քննարկվել է նաև հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, որոնք կարող են ներառվել ԶՖԳ-Հայաստան 2021-2023 թթ․ ծրագրում։

Պատվիրակության անդամներն այսօր հանդիպումներ են ունեցել նաև փոխնախարարներ Լիլիա Շուշանյանի և Քրիստինե Ղալեչյանի հետ։

Նախարարի տեղակալները հյուրերի հետ քննարկել են իրենց իրավասության ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնք վերաբերել են ընդերքի լաբորատորիայի, երկրաբանական ֆոնդի ստեղծման, ճանապարհների անվտագության համակարգերի ներդրման, կարողությունների զարգացման ծրագրերին աջակցությանը։

--00—ԼՄ