Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

նկար

Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք, գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի այն հայտարարությանը, թե՝ «ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

«Ինձ ուրիշ բան է հետաքրքրում։ Շուշին ադրբեջանական քաղաք լինելու հայտարարությունը մնաց անարձագանք։ Չխոսեց և ոչ մի պատմաբան, լուռ է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը։ Լուռ են Պուշկինի դպրոցի պատմության ուսուցիչները, որտեղ ես սովորել եմ (և մնացած ուսուցիչները)։ Լուռ են Մխիթարյան միաբանության վարդապետները, որոնք հպարտորեն պատմում էին Շուշիի հայկական ժառանագության մասին (ինչպես նաև Սփյուռքի մնացած կառույցները)։ Լուռ են Մատենադարանի գիտաշխատողները, որոնք ներկայացնում էին արցախյան ձեռագրերը։ Բոլորը լուռ են, որովհետև համաձա՞յն են հայ ժողովրդի պատմության նոր մեկնաբանությանը:

Ձայն չեն հանում նրանք, ովքեր լուսանկարվում էին Շուշի առաջինը մտած տանկի մոտ։ Երևի ընդունում են, որ տանկն իրականում ոչ թե ազատագրել է, այլ «զավթել էր ադրբեջանական քաղաքը» և հիմա ամաչում են այդ նկարներից։

Լուռ են Մայիսի 8-ը տոնող Շուշին ազատագրողները։ Ձայն չի հանել Կոմանդոսը, ով ավելի քան 2 տասնամյակ պատմում էր «Հարսանիք լեռներում» օպերացիայի մասին։ Լուռ է Շուշիի ազատագրմամբ պարծեցող Ժիրայր Սեֆիլյանը, ով բոլորին համոզում էր, քանի որ եղել է Շուշիի առանձին գումարտակի հրամանատար, ապա ինքն է փրկելու հայ ժողովրդին։ Լուռ է քաղաքական դաշտը, չեն արձագանքնել անգամ Արցախի նախագահները, հաղթանակած հրամանատարները, նախկին արտգործնախարարները: Ֆեյսբուքյան օգտատերերին չհաշված, Նիկոլի դուրս տվածի առիթով խոսեցին միայն Սեյրան Օհանյանն ու Շուշիի նախկին քաղաքապետը»,-գրել է Միքայել Մինասյանը, ապա հետգրություն հավելել.

«Հ. Գ. Իսկ հիմա փոքրիկ «ликбез» Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող ադրբեջանական պրոպագանդիստի ու դրա հետևորդների համար.

Շուշին մշտապես եղել է Արցախի պատմամշակութային կենտրոնը, որտեղ մինչև 1920թ.-ի թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի  հայկական ջարդերը  բնակչության մեծ մասը կազմել են հայերը:

1920թ.-ին Շուշիում ադրբեջանցիները տարբեր հաշվարկներով սպանել են 8-10 հազար հայ, ավիրել ու հրկզել են շուրջ 7 հազար հայկական շենք-շինություններ: Եվ քաղաքի կենդանի մնացած հայ բնակչությունը ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը, իսկ ադրբեջանցիները սկսել են բնակեցնել հայկական Շուշին:

Ռուսական կայսրության առաջին՝ 1897թ.-ի մարդահամարի տվյալներով, Շուշի քաղաքում բնակչության ընդհանուր թիվը կազմել է 25. 881 մարդ: Հայության թիվը կազմել է 14.420 մարդ: Թաթարների (ներկայիս ադրբեջանցիներ) թիվը եղել է 10.778 հոգի:

Հետևաբար, Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է: Շուշին միշտ է եղել հայկական: Շուշին դարձավ ադրբեջանական Նիկոլ Փաշինյանի ու նրա թրքասեր դավաճանների ոհմակի պատճառով»:

--00—ԼՄ