«2021-ը Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի համար որոշիչ կլինի». աշխատանքը կդադարեցվի 141 օրով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 22,  24News

հաէկ

2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի և ընդհանրապես Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման համար որոշիչ է լինելու։ Այս և ռազմավարական նշանակություն ունեցող այլ հարցեր են քննարկվել այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և Լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի` Հայաստանի միակ ատոմակայան կատարած այցի ընթացքում: Այցը տեղի է ունեցել ատոմակայանի հուսալիության և անվտանգության բարձրացմանն ուղղված արդիականացման աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով:

ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն է հանդիսանում «Ռուսատոմ սերվիր» ԲԸ, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի էլեկտրաէներգետիկ խմբի մաս է կազմում:

«Անցած տարին հեշտ չէր համաճարակի պատճառով, բայց մենք շատ բան արեցինք հայ մասնագետների հետ համատեղ ջանքերով: Իրականացվել է մեծ ծավալի աշխատանք. ավարտվել է տուրբագեներատորի հիմնանորոգումը, իրականացվել է ռեակտորի կառավարման և պաշտպանության համակարգերի կրիչների գործիքային փորձաքննություն, ստուգվել են մետաղի ոչ քայքայիչ վերահսկողության գործիքները: Բացի այդ, կայանը նախապատրաստվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացմանն ու իրանի վերականգնողական թրծաթողմանը: ԱԷԿ է հասցվել թրծաթողման կայանքը, որի հավաքման աշխատանքներն աևդեն ավարվել են», - ասաց «Ռուսատոմ սերվիս » ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Այս տարի պլանային կանխարգելիչ նորոգումը (ՊԿՆ-2021) կտևի սովորականից ավելի երկար: Հայկական ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 141 օրով: Նման երկարատև անջատումը կապված է կայանի արդիականացմանն ուղղությամբ մնացած աշխատանքներն ավարտելու անհրաժեշտության հետ, որոնց թվում կարևոր տեղ է զբաղեցնում ռեակտորի իրանի թրծաթողումը:

«Կայանի անջատումից առաջ դեռ անհրաժեշտ է արդիականացնել ռեակտորային դահլիճի 250 տոննանոց կռունկները, որոնք անհրաժեշտ են թրծաթողման կայանքի տեղադրման համար: Անհրաժեշտ կլինի նաև ռեակտորից բեռնաթափել վառելիքը և ծանրակշիռ սարքավորումը: Ամեն ինչ ՝ թրծաթողում կատարելու համար», - ասաց Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

«Այս տարի ծրագրված բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացնելուց հետո Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն երկարաձգելու է կայանի շահագործման լիցենզիան մինչև 2026 թվականը: Բացի այդ, թրծաթողման գործընթացն իրականացնելու արդյունքում կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, և կայանը հնարավոր կլինի շահագործել նաև 2026 թվականից հետո»:

--00—ՄՀ