Դատական իշխանությունը պայքար է սկսել Փաշինյանի թուլացած իշխանության դեմ

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 23, 24News

Հիմա, երբ Փաշինյանի իշխանությունը թույլ է, պատերազմի հետևանքով կորցրել է դիմադրելու հնարավորությունը, դատական իշխանությունը դեմոնստրացիա է անում։ Ըստ էության, ոչ թե անկախ է իշխանությունից, այլ աշխատում է նրա դեմ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ի՞նչ ճակատագիր է սպասվում 2018թ․-ից հետո հարուցված քրեական գործերին, մասնավորապես՝ «Մարտի 1-ին», իրավապաշտպանը նկատել է․«Եթե Սերժ Սարգսյանի իշխանության ողջ ընթացքում «Մարտի 1-ի» գործը կոծկվել է, ապացույցներ են կեղծվել, ապա 18-ից հետո շատ ավելի լուրջ վնաս է հասցվել դրան։ Ավելի լավ կլիներ, չսկսվեր։ Մենք այն վերածել ենք զավեշտի։ Բուն գործը մտել է փակուղի։ Պարզվում է՝ ընդամենը մեկ մեղավոր կա՝ Ռոբերտ Քոչարյանը և վերջ, բայց դա հսկայական գործ է։ Գնացին քայլի, որն ի սկզբանե դատապարտված էր՝ վերածվելով ցուցադրության»,- ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝ եթե թիրախը Ռոբերտ Քոչարյանն էր, դա այլ բան է։ «Եթե դուք թիրախավորել եք նրան, շատ լավ, ձերբակալե՛ք, կերե՛ք, բայց մի՛ կապեք «Մարտի 1-ի» հետ, որովհետև դա լրիվ այլ բան է։ Դա բեկում է։ Եթե չլիներ այն, չէր լինի այս պատերազմը և պարտությունը։ Այն բեկել է մեր պետության ընթացքը։ Մենք դրանով ունեցանք 2018-ի հեղափոխությունը, որի արդյունքները չեն գոհացնում, պոպուլիստներն իշխանության եկան։ Եթե դա չլիներ, մենք մեր ընթացքով կզարգանայինք։ Դրա համար ես դա համարում եմ այնպիսի գործ, որին չէր կարելի այդքան թեթևությամբ մոտենալ, որին չէր կարելի մոտենալ՝ գնանք-բռնենք Քոչարյանին և պատժենք տարբերակով։ Եթե Քոչարյանին ուզում էիք պատժել, չունեի՞ք այլ պատճառ։ «Մարտի 1-ով» լուծել սեփական վրեժը, չեմ պատկերացնում»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ