Քրդերը պատրաստվում են Թուրքիայի դեմ կռվել Սիրիայի ամբողջ սահմանի երկայնքով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News

քրդեր

Սիրիայում քրդերը պատրաստվում են կռվել թուրքական զորքերի դեմ թուրք-սիրիական սահմանի ողջ երկայնքով, եթե Թուրքիայի իշխանությունները որոշեն հարձակողական գործողություն սկսել երկրում: Ինչպես հայտնում է 1lurer.am-ը, այս մասին ANHA-ի քրդական գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Հյուսիսային և Արևելյան Սիրիայի քրդական ինքնավար վարչակազմի պաշտպանության վարչության» համանախագահ Զեյդան Ալ-Ասին:

Նա մեկնաբանել է սիրիական պետության հյուսիս-արևելքում գտնվող Դերիք քաղաքի վրա հարձակվելու Անկարայի հավանական ծրագրերը:

«Եթե Թուրքիան հարձակման կամ նմանատիպ այլ գործողություններ ձեռնարկի երկրի այս մասում, պատերազմը չի սահմանափակվի Դերիքով, այն կընթանա սահմանի ամբողջ երկայնքով՝ մինչև Աֆրին»,- ասել է Ալ-Ասին:

Հարցազրույցում Ալ-Ասին միջազգային հանրությանը, այդ թվում՝ Ռուսաստանին, կոչ է արել կանխել Սիրիայում թուրքական նոր ռազմարշավը:

«Եթե Սիրիան ու Ռուսաստանը թույլ տան տապալել քրդական ինքնավար վարչակազմը, դա կհանգեցնի լուրջ հետևանքների ամբողջ Սիրիայի համար»,- գործակալությունը մեջբերում է քուրդ գործչի խոսքերը:

--00--ԱԹ