ՀՖՖ-ն կասեցրել է ֆեդերացիայի վեց անդամների անդամությունը. կան նաև անցանկալի անձիք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 25,  24News 

հֆֆ.

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, կոմիտեի 15 անդամներից ներկա են եղել 13-ը:

Առաջինը քննարկվել է ՀՖՖ Արտահերթ ժողով գումարելու մասին ՀՖՖ 9 անդամների (Արարատ ՖԱ ՀՁ ՓԲԸ, Արարատ-Արմենիա ՖԱ ԲԲԸ, ԴՖԱ ՓԲԸ, Դովեղ ՖԱ ՀԿ, Էրեբունի ՍԱ ՀԿ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ, Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ, Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ) դիմումի հարցը: 

Քննարկման արդյունքում ձայների՝ 12 կողմ (Հրաչիկ Աղաբեկյան, Գագիկ Աղբալյան, Կիմ Առաքելյան, Աննա Թադևոսյան, Հասմիկ Ղարիբյան, Հիրաչ Յագան, Արմեն Մելիքբեկյան, Արեն Մկրտչյան, Բագրատ Նավոյան, Արմեն Նիկողոսյան, Կարեն Շաբոյան, Արթուր Սահակյան) 1 դեմ (Հայկ Ղազազյան) հարաբերակցությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց մերժել արտահերթ ժողով գումարելու վերաբերյալ ՀՖՖ վերոնշյալ 9 անդամների դիմումը:

Օրակարգի երկրորդ հարցը ՀՖՖ 6 անդամների՝ Դիլիջան ՖԱ ՓԲԸ, Էրեբունի-Դիլիջան ՄԱ ՀԿ,  Էրեբունի ՍԱ ՀԿ, Սևան ՖԱ ՍՊԸ ակումբների, հայկական ֆուտբոլի վետերանների և պատանի ֆուտբոլիստների համերաշխություն ՀԿ-ի, Դովեղ ՖԱ ՀԿ-ի ՀՖՖ անդամության կասեցումն էր:

ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամներին ներկայացվեցին բոլոր 6 անդամների կասեցման հիմքերը: Քննարկումների արդյունքում ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշեց կասեցնել 6 անդամների անդամությունը ՀՖՖ-ին:

Օրակարգի երրորդ հարցը ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեի միջնորդության քննարկումն էր՝ Արման Սահակյանին, Արարատ Հարությունյանին և Սարգիս Ասոյանին ֆուտբոլում անցանկալի անձ ճանաչելու վերաբերյալ: Քննարկման արդյունքում գործադիր կոմիտեն որոշեց հարցի վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել մինչև հաջորդ նիստը և նշված անձանց, իրենց դիրքորոշումը հայտնելու հնարավորություն տալու նպատակով,  հրավիրել՝ գործադիր կոմիտեի հաջորդ  նիստին մասնակցելու:

--00--ԱՀ