Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. ՔԿ-ն մերժել է միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

հասարակական

ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ Միհրան Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը, համաձայն որի՝ ռազմական դրության պայմաններում հավաքների արգելքների մասին դրույթն այլևս չի գործում։
Պաշտպանը նշել էր. որ նշված սահմանափակումներն այսօրվա դրությամբ այլևս չեն գործում, իսկ անձի վիճակը բարելավող օրենքները և իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, ուստի՝ այդ համատեքստում խնդրել է դադարեցնել Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

Նշենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, «Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի» քարտուղար Վահե Գրիգորյանը նոյեմբերի 23-ին Վարչական դատարան հայցադիմում են ներկայացրել՝ ընդդեմ Կառավարության՝ պահանջելով ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման հավելվածի որոշ դրույթներ ճանաչել անվավեր և ընդունելու պահից ուժը կորցրած համար։ Խոսքը վերաբերում է ռազմական դրության պայմաններում հավաքների կազմակերպմանը, անցկացմանը և ռազմական դրության պայմաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հրապարակումները։

Դիմող կողմը նաև միջնորդել էր՝ կասեցնել վիճարկվող դրույթների գործողությունը մինչև գործի քննության ավարտը, ինչը բավարարվել է՝ արձանագրելով, որ անկախ սույն գործի քննության արդյունքներից՝ սահմանված արգելքի կիրառումը ներկայումս այլևս համարժեք չէ արգելվող իրավունքների և ազատությունների նշանակությանը, պիտանի և անհրաժեշտ չէ 27.09.2020 թ թիվ 1586-Ն՝ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված նպատակներին հասնելու համար։

Կառավարության որոշմամբ՝ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման մեջ փոփոխություններ են կատարվել, որով հավաքների արգելքը վերացվել է։ Այլ կերպ ասած՝ նշված սահմանափակումներն այս պահի դրությամբ չի գործում։
Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ պաշտպանը դեռևս բողոք չի ներկայացնի, հարցը կբարձրացվի արդեն դատաքննության ընթացքում։

Հիշեցնենք, որ 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարությունն ստորագրելու մասին հայտնի դառնալուց հետո Հանրապետության տարբեր հատվածներում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում ակցիաներ են իրականացվել եւ իրականացվում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Հասարակական ընդվզումը ճնշելու համար քրեական գործեր են հարուցվել Քննչական կոմիտեում, ՀՔԾ-ում։ ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 20-ին Միհրան Հակոբյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի կասկածանքով՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու համար։

Նոյեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր ճանաչել Հակոբյանի ձերբակալությունը՝ արձանագրելով, որ առկա չէ հիմնավոր կասկած այն արարքում, որի շուրջ կասկածվում է Հակոբյանը։ Նշված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի՝ մի խումբ անձանց կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու համար, իսկ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

--0--ԿԿ