Մինչև գերիների ամբողջական վերադարձը, ամեն օր աղոթենք. Մեսրոպ վարդապետ Պարսամյանի աղոթքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

1

Մեսրոպ վարդապետ Պարսամյանը հորդորում է մինչև գերիների վերադարձը հայրենիք ամեն օր աղոթել: Վարդապետի աղոթքը հրապարակվել է Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում:

«Մինչև գերիների ամբողջական վերադարձը Հայրենիք, ամեն օր աղոթենք․

Ամենագութ և ամենողորմ Աստված, որ Միածին Որդուդ ուղարկեցիր՝ աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու և գերիներին ազատություն քարոզելու, աղաչում ենք քեզ, ազատություն պարգևի՛ր գերեվարված մեր զինվորներին։

Աստվածային Քո իմաստությունը պարգևիր բոլոր պատասխանատու անձանց, որպեսզի օր առաջ կարողանանք ճանապարհներ գտնել մեր գերիներին ապահով և անհապաղ տուն վերադարձնելու համար։

Քո խաղաղության հրեշտակին ուղարկիր, որպեսզի զորացնի բոլոր այն ծնողներին, ովքեր սրտի թրթիռով սպասում են գերեվարված կամ անհայտ կորած զինվորների վերադարձին և նրանց պարգևիր ուրախությունը տեսնելու իրենց զավակների վերադարձը։

Արդ խնդրում ենք Քեզ բարերար և բազումողորմ Աստված, մեր գերյալ եղբայրներին քաջություն և ոգու արիություն պարգևիր, լցրու նրանց սրտերը ազատության հույսով և այն գիտակցությամբ, որ նրանք մոռացված կամ անտեսված չեն և որ անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին։

Ի խորոց սրտի աղոթում ենք և հավատում, ամենակալ Տե՛ր Աստված, որ ազատություն պիտի պարգևես և ապահով տուն վերադարձնես մեր գերյալ եղբայրներին և նրանց հետ միասին բոլորս գոհությամբ պիտի փառավորենք Ամենասուրբ Երրորդությունդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից. ամեն»։

--00—ԼՄ