Արցախի ԲԿ-ներում կադրային ռեսուրսի պակաս կա. բժիշկ-փորձագետների հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 26, 24News

նկար

2021 թ. հունվարի 22-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի հրավերով եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ էին ժամանել մի խումբ բժիշկ-փորձագետներ, ովքեր այցելել են Ստեփանակերտ քաղաքում և Ասկերանի ու Մարտունու շրջաններում տեղակայված բուժհիմնարկներ, հանդիպել առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ, կատարել ուսումնասիրություններ, գնահատումներ և վերլուծություններ:

Եռօրյա այցի արդյունքներով ԱՀ առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ նաև նախարարություն) և բժիշկ-փորձագետները հանդես են գալիս հետևյալ համատեղ հայտարարությամբ.

«Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը ունակ է կազմակերպելու բնակչության բժշկական սպասարկումը, սակայն առկա կադրային ու նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն պատշաճ որակ և արդյունավետություն, ինչպես նաև ինքնաբավության բավարար չափ ապահովելու համար:

Արցախի առողջապահական համակարգը ունի ֆինանսատնտեսական գործունեության մեթոդների ու եղանակների վերանայման, նյութատեխնիկական հնարավորությունների ճիշտ վերաբաշխման և բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք, որի հիմքում պետք է դրվեն փորձագիտական հետազոտությունների արդյունքներով ընդունված եզրակացությունները:

Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս, որը լրացնելու համար հարկ է կիրառել ինչպես հերթափոխով մասնագետների ներգրավմամբ, այնպես էլ նոր մասնագետների խրախուսմամբ, հեռահար բժշկության ներդրմամբ, առկա կադրերի վերապատրաստմամբ ու որակավորմամբ բացը լրացնելու եղանակները:

Արցախի բուժհիմնարկներում առկա նյութատեխնիկական միջոցները վերազինելու և նորագույն սարքավորումներով համալրելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և անհատների հնարավորությունները՝ այդ գործընթացում ապահովելով առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն:

Սույն հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները հավանություն են տալիս ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու գաղափարին՝ վերահաստատելով խորհրդում ընդգրկվելու ցանկությունն ու պատրաստակամությունը:
Հայտարարության բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին, որ Արցախի առողջապահական համակարգի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ՀՀ բժշկական ասոցիացիաների հետ համագործակցությունը, որը պետք է դիտարկվի որպես Նախարարության հետագա գործունեության ռազմավարական ուղղություն:

Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները պարտավորվում են մեկշաբաթյա ժամկետում Նախարարություն ներկայացնել կատարված ուսումնասիրությունների և դրանց հիման վրա կատարված վերլուծության և գնահատման արդյունքներն ամփոփող եզրակացություն՝ դրա հիման վրա Նախարարության կողմից համակարգի զարգացման կարճաժամկետ քաղաքականությունը մշակելու համար:

. Միքայել Հայրիյան, ԱՀ առողջապահության նախարար,
.Արամայիս Գալումյան, փորձագիտական խմբի պատասխանատու, «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնի ինտերվենցիոն ռադիոլոգիայի ծառայության ղեկավար,
.Կոստան Գալումյան, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու, «Նաիրի» բժշկական կենտրոնի ռադիոլոգիայի ծառայության ղեկավար,
.Նարեկ Մատինյան, «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնի ՄՌՏ ծառայության ղեկավար, ռադիոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար,
.Արմենակ Բդոյան, վնասվածքաբան-օրթոպեդ, «Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի» վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ,
.Գևորգ Ոսկանյան, «Աստղիկ» բժշկական կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ,
.Ահարոն Բարսեղյան, «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնի ֆինանսիստ, առողջապահական տնտեսագետ,
.Կարեն Գրիգորյան, ռազմական բժիշկ-կազմակերպիչ, վիրաբույժ,
.Կարեն Մխիթարյան, ՄՌՏ-ի կիրառական ինժեներ»:

--00—ԼՄ