Լևոն Սարգսյանը դատարան չի ներկայացել, բայց դիմումով խնդրել է փոխել իր խափանման միջոցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

հասարակական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, քիչ առաջ սկսեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, անփոփոխ թողնելու կամ նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը: Այս մասին գրում է Hetq.am-ը։

Կալանքի տակ գտնվող Սարգսյանը չի ցանկացել դատական նիստին ներկայանալ, դատարան դիմում է ուղարկել ու խնդրել նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դիմումում Սարգսյանը նաև խնդրել է իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխել:

Լևոն Սարգսյանն առավել հայտնի է «Ալրաղացի Լյովիկ» անունով։ Նա 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մեջ։

Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ խոսքը շուրջ 45 միլիոն դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու մասին է։ Նշենք, որ Ավետիսյանի տան վրա իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաև այլ հանցագործությունների կատարման համար տասը անձ, որոնց թվում՝ «Կոշիկի քաղաք» ՍՊԸ հիմնադիր Արա Կարապետյանն և Նոր Նորքի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Արմեն Նիկողոսյանը, 2011 թվականին դատապարտվել են 8.5-15 տարի ժամկետով ազատազրկման:

Սարգսյանը գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2018 թվականին։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել,  2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան։

--0--ԿԿ