Պատերազմի օրերին ինչու՞ եվրոպական կառույցները գտնվեցին այդքան հեռու․ Միքայել Մելքումյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

քաղաքական

ԲԿՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթը է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հարգելի՛ գործընկերներ

Ներկայումս մեր Վեհաժողովի անդամ երկրներից մեկն անընդհատ ոտնահարում է իր կանոնադրական իրավունքները, և դա՝ կազմակերպությանն անդամակցելու առաջին օրվանից: Այդ անդամ երկիրն Ադրբեջանն է: Ըստ մեր կազմակերպության Կանոնադրության՝ «Եվրոպայի խորհրդի նպատակն է սերտ միություն հաստատել իր անդամների միջև՝ պահպանելու և խթանելու համար նրանց համընդհանուր ժառանգություն հանդիսացող իդեալներն ու սկզբունքները…»:

Այդ դեպքում ի՞նչը կարող է ավելի մեծ խոչընդոտ լինել Եվրոպայի խորհրդի անդամների միասնության համար, քան պատերազմը: Երբ Ադրբեջանը դարձավ Եվրոպայի Խորհրդի անդամ, ստանձնեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու լրացուցիչ պարտավորությունը:

Ավելին՝ Վեհաժողովը պնդել էր, որ այդ պարտավորությունն ամրագրվի թղթի վրա: Այնուամենայնիվ այս Վեհաժողովը շատ թույլ արձագանքեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած սարսափելի պատերազմին: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի կողմից իր ստանձնած պարտավորությունների միակ լուրջ ոտնահարումը չէր: Մենք բոլորս տեղյակ ենք մարդու իրավունքների պաշտպանների, ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների վիճակի մասին, որոնց նկատմամբ վերաբերմունքն ակնհայտորեն ոտնահարում է Եվրոպայի խորհրդի կանոնադրության 3-րդ հոդվածը:

20 տարուց ի վեր իրավիճակը նույնն է նաև քաղբանտարկյալների հարցում: Այո, գործընկերներ, քաղբանտարկյալների հարցով զբաղվելը նույնպես Ադրբեջանի անդամակցության պարտավորությունների մասն էր, և այստեղ խոսքը միայն անցյալ տարի մեր կողմից ընդունված բանաձևի մասին չէ, ոչ էլ այն բանաձևի, որը Վեհաժողովը չի ընդունել Ադրբեջանի խավիարային դիվանագիտության պատճառով:

Եվրոպայի խորհրդի անդամ մի պետությունը՝ Ադրբեջանը, ռազմական ագրեսիա է իրականացնում Եվրոպայի խորհրդի մեկ այլ անդամ պետության՝ Հայաստանի նկատմամբ: Ռազմական ագրեսիայի հետևանքով կան հազարավոր զոհեր, հաշմանդամներ, հարյուրավոր ռազմագերիներ, չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետություն – Ռուսաստանի Դաշնություն - Ադրբեջան եռակողմ հայտարարության մեջ հստակ ամրագրված է, որ գերիները պետք է վերադարձվեն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Ըստ էության, այդ հարցը չի լուծվել, և մեր հայրենակիցները Ադրբեջանում հայտնվել են պատանդի կարգավիճակում: Իսկ հիմա հարց Ձեզ՝ իսկ ի՞նչ է արել Եվրոպայի խորհուրդը, Եվրոպան, կասե՞ք ինձ: Եվ հետո, եթե նման վայրագություններ կատարվեին, ասենք, եվրոպական երկու կամ երեք պետությունների միջև, դուք ինչպիսի՞ արձագանք կտայիք:

Ինձ համար, որպես ԵԽԽՎ անդամ պետության պատվիրակության անդամ, շատ անհասկանալի է մնում այն, թե 44-օրյա այս պատերազմի օրերին այդքան զոհերի և ավերածությունների ակնհայտ իրողությունների պայմաններում ինչու՞ եվրոպական կառույցները գտնվեցին այդքան հեռու: Կարո՞ղ եք բացատրել՝ ի՞նչն էր ձեզ պահում այդքան սառը և հեռու: Եվրոպական օրենքները, նիստուկացը, բարքերը, ավանդույթները… ի՞նչը:

Այսինքն, կա՛մ Եվրոպան ցանկություն չունի կանգնեցնելու այդ մարդասպանությունները, կամ էլ անկարող է: Եվրոպա պետք է փոխվի: Քանի որ մենք ընդունում ենք այս բանաձևը, և, հետևաբար, մեր կանոնակարգում փոփոխություններ ենք կատարում, ապա մենք պետք է քննարկենք Ադրբեջանի դեմ համատեղ ընթացակարգ սկսելու հարցը: Շնորհակալություն»:

--0--ԿԿ