Ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում Իրանի ու ՀՀ ընդհանուր մտահոգությունն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News

Հունվարի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: ԱԳ նախարարների հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցով, այնուհետև շարունակվեց ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Ողջունելով իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը, մասնավորապես, նշեց.

«Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին»։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Իրանի ԱԳ նախարարը նշեց, որ Իրանը մեծապես կարևորում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները:

Նախարարներ Այվազյանն ու Զարիֆը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Երկուստեք մտահոգություն է հայտնվել տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման առնչությամբ: Տարածաշրջանային խաղաղության, անվտանգության և կայունության տեսակետից նախարար Այվազյանը կարևորեց Իրանի հետ սերտ փոխգործակցությունը և պատրաստակամություն հայտնվեց ընդլայնել երկխոսությունն այս ուղղությամբ:

--0--ԿԿ