Հարձակում Արարատի մարզում․ կապել են տարեց կնոջը, հափշտակել գումար ու ոսկյա զարդեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 27, 24News

Արարատ

Երեկ՝ հունվարի 26-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Այսօր՝ հունվարի 27-ին, ժամը 04։00-ի սահմաններում, Ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկություններ են ստացվել, որ ժամեր առաջ Արարատի մարզի Շահումյան գյուղում անհայտ անձը դիմակավորված ավազակային հարձակում է կատարել նույն գյուղի բնակիչ 85-ամյա Ռոզա Դ․-ի նկատմամբ։

Պարզվել է, որ անհայտ անձը հունվարի 26-ին ժամը 23։00-ի սահմաններում մտել է Ռոզա Դ․-ի տուն, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, պահանջել գումար, ոսկյա զարդեր, որից հետո տունը տակնուվրա է արել և ննջասենյակից հափշտակել գումար և ոսկյա զարդեր։ Պարզել են՝ ով է ավազակային հարձակում կատարողը և նրան հայտնաբերել ու բերման են ենթարկել Ոստիկանության Արտաշատի բաժին։

Կասկածյալը նույն գյուղի բնակիչ 28-ամյա Արտյոմ Թ․-ն է, ով այնուհետև Արտաշատի ոստիկանությունից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ, որպես կասկածյալ, հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, ինչպես նաև պարզվում է, թե կասկածյալը հանցակիցներ ունեցել է, թե՝ ոչ, և ինչքան գումար և ոսկեղեն է հափշտակել տարեց կնոջ տանից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ