Մետրոյի գետնանցումում 56-ամյա կինը ձողով հարվածել է մի տղամարդու գլխին. վերջինս մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հունվարի  24-ի գիշերը՝ ժամը 02:20-ի սահմանում, ոստիկանության  մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստացվեց, որ մետրոյի «Բարեկամություն» կայարանի գետնանցումում տղամարդ կա ընկած, գլխին՝ արյան հետքեր։

Անգիտակից տղամարդը տեղափոխվեց «Արմենիա» բժշկական կենտրոն։ Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդու և 56-ամյա մի կնոջ միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է ծագել, որի ընթացքում կինը երկաթե ձողով հարվածներ է հասցրել տղամարդու գլխին։ Կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև արնանման հետքերով երկաթե ձողը, որն ուղարկվել է փորձաքննության։ Հունվարի 25-ին բուժհաստատությունից հաղորդում ստացվեց, որ տղամարդը մահացել է։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված կինը ձերբակալվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

--00—ԼՄ