Բալետի պարող Րաֆֆի Գալստյանն ազատվեց պարտադիր զինծառայությունից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

նկար

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատեց բալետի պարող Րաֆֆի Տիգրանի Գալստյանին: 

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Րաֆֆի Գալստյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին» N 1498-Ա որոշման համաձայն Րաֆֆի Գալստյանին տարկետում է տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

Ըստ որոշման հիմնավորման՝ 2000 թվականին ծնված Րաֆֆի Գալստյանը սովորել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի «պարարվեստ» մասնագիտություն բաժնում՝ ստանալով «բալետի դերասան» որակավորում։

Րաֆֆի Գալստյանի համար միջնորդություններ են ներկայացրել «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, դիրիժոր, դաշնակահար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը, Վանուշ Խանամիրյանի անվան Հայաստանի պարարվեստի գործիչների միավորման նախագահ Գագիկ Մխիթարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, «Բալետ 2021» հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Ռուդոլֆ Խառատյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Դիվանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ Հասմիկ Մարկոսյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բալետմայստեր, առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի առաջատար մենապարուհի Մերի Հովհաննիսյանը:

--00—ԼՄ