Հետախուզվողը կրակ է արձակել տնից իրավապահների վրա. պանտանդառության դեպքից նոր մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

2021 թ.հունվարի 27-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, դատարանի որոշման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, այցելել են նշված քննչական բաժնի վարույթում՝  ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քննվող քրեական գործով հետախուզման  մեջ  գտնվող մեղադրյալներին հայտնաբերելու, ինչպես նաև բնակության վայրում և դրան կից օժանդակ շինությունում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրանյութ հայտնաբերելու նպատակով՝ խուզարկություն կատարելու:

Արդյունքում հետախուզման մեջ գտնվող անձը՝ 40-ամյա տղամարդը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների  օրինական պահանջներին և իր մոտ ապօրինի պահվող զենքից  կրակ է արձակել տան ներսից, որի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել։ Տարվել են բացատրական աշխատանքներ՝ 40-ամյա տղամարդու կողմից զենքը վայր դնելու վերաբերյալ, որից հետո վերջինս ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող «TT» տեսակի ատրճանակ և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

--00—ԼՄ