Էկոնոմիկայի նախարարն ու ՀՀ-ում ԵՄ դեսպանը քննարկել են «GSP+» արտոնյալ առևտրայի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

1

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 27-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատու աշխատակիցները: Այդ մասին հայտնում է նախարարությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) Առեւտուր եւ առեւտրին առնչվող հարցերի մասի իրականացման ընթացքին, ՀՀ-ԵՄ առեւտրատնտեսական համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող  աջակցության ծրագրերին, կորոնավիրուսային համավարակի տարածման բացասական հետեւանքները մեղմելու ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից տրամադրված աջակցության ծրագրերին, ինչպես նաեւ ԵՄ կողմից նախատեսված «Կովիդ-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ԵՄ բյուջետային աջակցության ծրագրին, «GSP+» արտոնյալ առեւտրայի ռեժիմին, առեւտրի եւ ներդրումների ոլորտների զարգացումներին, զբոսաշրջության եւ ՓՄՁ ոլորտներում տրամադրվող ընթացիկ աջակցության ծրագրերին եւ «Ամբեր Կապիտալ» ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամին առնչվող հարցեր։

Կարեւորվել են ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանի Հանրապետությունում առեւտրատնտեսական ոլորտում իրականացվող ոլորտային բարեփոխումները եւ առաջիկայում նախատեսվող գործընթացները, ինչպես նաեւ ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք 2021-2027թթ. բազմամյա ինդիկատիվ ծրագրի ներքո աջակցության առաջնային ուղղությունների ձեւավորման գործընթացը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության հետագա խորացումը: 

--00—ԼՄ